Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մի քիչ զսպեք ձեզ, էլի...

Մի քիչ զսպեք ձեզ, էլի...
08.07.2008 | 00:00

Ընդամենն օրեր առաջ` հունիսի 27-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի էր ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում այլ հարցերից բացի քննարկվել և որոշում էր ընդունվել 2008թ. հունիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ, ինչը, ԿԲ-ի լրատվականի ներկայացմամբ, «պայմանավորված էր մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում երկրի մակրոտնտեսական իրավիճակի, գնաճի, տնտեսության արտաքին, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ցուցանիշերի զարգացումների և ապագա ժամանակահատվածի ռիսկերի ներկայացման անհրաժեշտությամբ»:
Ի դեպ, քանի որ մեզանում գնաճը շատ է կարևորվում, նախ դրան անդրադառնանք: Ըստ ԿԲ-ի ներկայացման` 2008 թ. մայիսին ՀՀ-ում կրկին գնաճ է արձանագրվել 1,3%-ի չափով, իսկ ահա 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է ընդամենը 9,9%, որը, չնայած 0,8 տոկոսային կետով նվազել է ապրիլին արձանագրված համանման մակարդակից, այնուհանդերձ, շարունակել է դեռևս 4,4 տոկոսային կետով բարձր մնալ նպատակային թիրախի վերին սահմանից:
Հավատում է ընթերցողն այս թվերին, թե ոչ, իր «անընդհատ հալվող դրամապանակի խնդիրն է»: Միևնույն է, պաշտոնական վիճակագրությունը շարունակում է առաջանալ, կենտրոնանալ հիմնականում մայիս ամսվա «վրա» և պարզաբանում է, թե այդ ամսվա գնաճը հիմնականում պայմանավորվել է բնակարանային, կոմունալ ծառայությունների սակագների (կապված գազային վառելիքի վաճառքի սակագների 42,4% թանկացման հետ), ինչպես նաև մրգի, հացամթերքի, կենդանական և բուսական յուղի ապրանքախմբերի գների աճով: Ընդ որում, զավեշտալին հատկապես այն է, որ ըստ այս տվյալների` պարենային ապրանքների գները մայիսին աճել են 1,0%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,3%-ով, ծառայությունների սակագները` 2,0%-ով` մոռանալով, որ նույն «Հացամթերք», «Կենդանական և բուսական յուղ» ապրանքախմբերի գները 12-ամսյա կտրվածքով և անգամ իրենց պաշտոնական ներկայացմամբ աճել են համապատասխանաբար 44,7 և 41,2%-ով: ԿԲ-ի դիտարկմամբ` գնաճի այս ցուցանիշը նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից բարձր է 3,2 տոկոսային կետով և կազմում է 5,9%: Նաև ամրագրվում է, որ գնաճի այսօրինակ պատկերը կրկին և հիմնականում դրսի շուկայով է պայմանավորված:
Իհարկե, դժվար էր հավատալ, որ ԿԲ-ն պաշտոնական վարկածից տարբեր բան կասեր նույն գնաճի իրական պատճառների (օրինակ` ամբողջովին ներկրումներից կախյալ տնտեսություն ունենալու, այդչափ խոսվող մենաշնորհների մասին, ինչն էլ նմանօրինակ գնային կոշտություններ է ստեղծում մեր ներքին շուկայում) մասին, և տեսնում ենք, որ հատկապես «Հացամթերք», «Կենդանական և բուսական յուղ» ապրանքախմբերի մասին խոսելով` ԿԲ-ն գնաճի հիմնական վեկտորը կրկին դեպի դուրս է ուղղում, այսինքն` դեպի «արտաքին միջավայր»: Միևնույն ժամանակ «Մայիս ամսվա հիմնական հուսադրող առանձնահատկությունն այն էր, որ գնաճային ճնշումները պարենային ապրանքների միջազգային շուկաներում որոշակիորեն թուլացան: Դա հիմնականում կապված էր նոր բերքի ստացման ակնկալիքների հետ, որոնք համաշխարհային պայմաններում գնահատվում են բավականին բարենպաստ: Հացահատիկի առնչությամբ սպասվում է, որ 2008 թ. առաջարկը նույնիսկ փոքր-ինչ կգերազանցի պահանջարկը, որը կբերի ձևավորված աննախադեպ ցածր պաշարների մակարդակի ավելացման, չնայած գների կտրուկ նվազում շուկայի մասնակիցները չեն սպասում: Այս սպասումների հիման վրա մայիսի վերջին Չիկագոյի բորսայում հացահատիկի բուշելի գինը կազմեց մոտ 8,6 ԱՄՆ դոլար, մինչդեռ ապրիլի միջինը կազմել է 9,9 ԱՄՆ դոլար: Ընդ որում, հուլիս ամսվա ֆյուչերսները՝ 7,5-7,7 ԱՄՆ դոլար բուշելի դիմաց ցույց են տալիս, որ շուկայի մասնակիցներն ակնկալում են նվազումի միտման շարունակում: Նմանատիպ զարգացումներ են դրսևորվում նաև շաքարավազի և բրնձի միջազգային շուկաներում, որտեղ շաքարավազի գները Նյու-Յորքի ապրանքահումքային բորսայում հասել են 12 ԱՄՆ ցենտ` ֆունտի դիմաց՝ նախորդ ամսվա միջին 13,7 ցենտի փոխարեն, իսկ բրնձի գները Չիկագոյում 20,6 ԱՄՆ դոլար 100 ֆունտի դիմաց՝ նախորդ ամսվա միջին 21,6 ԱՄՆ դոլարի փոխարեն»,- նշվում է ԿԲ-ի պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդագրության մեջ: Այստեղ վերլուծվում են նաև կենդանական յուղի գները միջազգային շուկայում, և ամրագրվում է, որ դրանք շարունակում են դանդաղ աճել: «Նորզելանդական կարագի արտահանմանի` գինը մայիսի վերջին հասել է 4055 ԱՄՆ դոլար տոննայի դիմաց, երբ նախորդ ամսվա միջին գինը կազմել է մոտ 3900 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է բուսական յուղին, ապա արևածաղկի ձեթի գինը փոքր-ինչ նվազել է. Ռոտերդամի նավահանգստի արտահանման գինը ապրիլին կազմել է 1838 ԱՄՆ դոլար` տոննայի դիմաց` մարտի 1863 ԱՄՆ դոլարի փոխարեն (բուսական յուղի գների տվյալները ստացվում են մեկ ամիս ուշացմամբ)»,- մեկնաբանում է ԿԲ-ն՝ կանխատեսելով, որ պարենային ապրանքների, հատկապես միջազգային շուկաներում հացահատիկի հետ կապված այս զարգացումների պահպանման դեպքում տարվա երկրորդ կեսին Հայաստանում անխուսափելիորեն կդիտվի պարենային ապրանքների գների որոշակի նվազում: «Սակայն գնաճի առումով ռիսկերը դեռևս պահպանվում են՝ հատկապես նավթամթերքի բարձր գների պատճառով, քանի որ վերջինս գնաճի վրա կունենա ինչպես ուղղակի ազդեցություն, այնպես էլ տրանսպորտային ծախսերի ավելացման միջոցով կազդի այլ ապրանքների գների աճի վրա»,- առանձնապես «չի ոգևորվում» և նույնն էլ մեզ է առաջարկում ԿԲ-ն:
Ինչ վերաբերում է ֆինանսական շուկաներին` հարկ է նշել, որ «ԱՄՆ դոլարի փոխարժեքը կայունացել է 1,55-1,57 ԱՄՆ դոլար եվրոյի դիմաց սահմաններում, տոկոսադրույքների առումով շուկայի մասնակիցները և՛ Ֆեդերալ պահուստային համակարգի, և՛ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից ակնկալում են տոկոսադրույքների կայուն մակարդակ մոտ ապագայում (Եվրոպական կենտրոնական բանկը հունիսի 5-ի նիստում պահպանեց տոկոսադրույքների կայուն մակարդակը: Սակայն ԵԿԲ-ի վերջին հայտարարությունները ենթադրում են տոկոսադրույքների հետագա բարձրացում), քանի որ երկուսն էլ անհանգստացած են գնաճային զարգացումներով, որը գտնվում է նպատակից էականորեն ավելի բարձր ԱՄՆ-ում և եվրագոտում»- կանխատեսել էին մեր գլխավոր բանկային մասնագետները…
Ի դեպ, եթե կանխատեսումներից կրկին գանք կոնկրետ ոլորտների (ասենք` գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների) դիտարկմանը (ինչին, ի դեպ, մենք անպայման կանդրադառնանք առաջիկայում), ինչը ևս հաշվի է առնվել ԿԲ-ի կողմից, հարկ է նշել, որ մեր գլխավոր դրամատունն, այնուամենայնիվ, բավական զգուշավոր և ոչ ընդգծված լավատես վերաբերմունք ունի մեր իրողությունների նկատմամբ, ուստի և ներքին, և արտաքին հատվածների զարգացումներում գնաճային ռիսկերի գերակայությունը հաշվի առնելով` ԿԲ խորհուրդը ձայների գերակշիռ մեծամասնությամբ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով` սահմանելով այն 7%, դրանով իսկ փոքր-ինչ «զսպելով մոնոպոլիստների ախորժակը և մի քիչ մաքրելով շուկայի այլանդակ տեսքը, այսինքն` գնաճի չափը»: Դե, ուղղակի այդ մասին չի ասվում, իհարկե, բայց այդպես է ստացվում ԿԲ խորհրդի որոշումը մեր իրողությունների հետ համադրումից: Ինչո՞ւ, որովհետև արդեն հուլիսի 2-ին տեղի ունեցած ԿԲ խորհրդի նիստում «ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած պարենային որոշ ապրանքների միջազգային գների` նախորդ ամիսներին արձանագրված նվազմանը (ինչին մենք, ի դեպ, շատ կասկածում ենք և չենք կարողանում այդ «որոշ պարենային ապրանքների տեղը գտնել», եթե, իհարկե, խոսքը ծիրանի մասին չէ, որը 1000 դրամից 200 դրամի իջավ բերքի առատության և սեզոնայնության հետ կապված - Գ.Ս.), դրանք դեռևս չեն արտահայտվել ներքին գների վրա և այդ նվազման արտահայտման արագությունն ու չափը մնում են անորոշ»:
Ի՞նչ է ստացվում: Չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումներին, թե գնաճն ամենաշատը իշխանություններին չէ ձեռնտու, մեր մոնոպոլիստները շարունակում են չզսպել իրենց, տեղը տեղին փողեր աշխատել ժողովրդի հաշվին և «մոռանալ», որ իրենց իսկ խոստման համաձայն` «ինչ էղել, էղել ա, հիմի պտի թազա էջից սկսենք»: Այս պայմաններում, իհարկե, ԿԲ-ին այլ բան չի մնում անել, քան «ընդունելի չափերով խփել նրանց թաթիկներին»` գերշահույթները փոքր-ինչ զսպելու նպատակով…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, ինչպես տեղեկացանք ՀՀ վիճակագրական ազգային ծառայությունից, հունվար-մայիսին արձանագրված 7,7% սղաճին, ինչը արձանագրվել էր թե պարենային, թե ոչ պարենային ապրանքների մասով, արդեն այս հունիսին այլ բան է հաջորդել: Պարենային ապրանքները (զարմանալին այն է, որ դեռ ոգելից խմիչքը մի կողմ թողնենք, բայց ծխախոտն էլ է այս ծառայությունը պարենային ապրանք համարում, որոնք, իբր, էժանացել են, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը բոլոր խմիչքների և նույն ծխախոտի գինն ինչպես կար, այնպես էլ մնացել է, իսկ եթե նյութիս մեջ արդեն հիշատակված լոլիկի ու վարունգի գինը նկատի ունեն, որ նվազել է հունվար ամսի համեմատ` խելքները սիրեմ. շա՜տ խելոք են, ախր…) այս ամիս նվազել են 1,3%-ով, իսկ ահա ոչ պարենային ապրանքներինն ու ծառայություններինն աճել է համապատասխանաբար 1,3 և 0,1 %-ով: Այպիսով, շա’տ ապրի մեր վիճակագրական ծառայությունը, որ վերջն այնպես է դուրս բերել, որ մեր երկրում ամեն բան կարգին է, և որ ընդանուր առմամբ սպառողական գները մեզանում մինչև 1,6%-ով անկում են ապրել և ամենաշատը` Վաղարշապատ քաղաքում:

Դիտվել է՝ 11656

Մեկնաբանություններ